Ապրիլ ամսվա նախագիծ

Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ երկու հակառակորդ թիմերը, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում կազմված է լինում 5 խաղացողներից, պայքարում են ուղղանկյունաձև կորտում, 24 սմ տրամագծով բասկետբոլի գնդակը հակառակորդի՝ 3,048 մ բարձրության վրա տեղադրված, վահանակին ամրացված 46 սմ տրամագիծ ունեցող զամբյուղի մեջ գցելու համար, միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Երբ գնդակը հայտնվում է զամբյուղում ցանկացած տեսակի նետումով (բացի տուգանային նետումից), թիմը ստանում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Կոպիտ խաղի դեպքում, ժամանակը կանգնեցվում է և այն խաղացողը ում հանդեպ կատարվել էր խախտումը ստանում է 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումների (Free throw) հնարավորություն (տեխնիկական խախտման դեպքում նույնպես տրվում է 1 միավորանոց ազատ նետման հնարավորություն)։ Խաղում հաղթում է այն թիմը, որը խաղի ընթացքում վաստակում է ավելի շատ միավորներ, իսկ եթե խաղի հիմնական ժամանակը ավարտվում է «ոչ-ոքի» արդյունքով` նշանակվում է հավելյալ ժամանակ։

Բասկետբոլ
Տեսակգնդակով խաղ և թիմային մարզաձև
ՄարմինՖԻԲԱ
Ծագման երկիր ԱՄՆ
Թիմ փոքր5
ՍեռԱրական, իգական; առանձին առաջնություններ
ԿարգավիճակԹիմային, գնդակով խաղ
ՀարմարանքԲասկետբոլի գնդակ 
ՎայրԲասկետբոլային դաշտ 
Առաջին առաջնություն1891 թ., Սպրինգֆիլդ, ՄասաչուսեթսԱՄՆ
Օլիմպիական խաղերՍկսած 1936 թ-ից
Տարբերվում էնեթբոլ
ՊորտալՊորտալ:Բասկետբոլ
 Basketball Վիքիպահեստում

Խաղացողները քայլելիս կամ վազելիս պետք է տեղաշարժվեն գնդակը վարելով (դրիբլինգ) կամ գնդակը փոխանցեն թիմակիցներին, ինչը մեծ վարպետություն է պահանջում։ Հարձակվելիս մարզիկները կարող են օգտագործել նետման բազմաթիվ տեսակներ, օրինակ՝ ցատկով, վահանակից անդրադարձով նետում (Layup shot), նետում թռիչքի ժամանակ (The jump shot), նետում՝ գնդակը դնելով անմիջապես զամբյուղի մեջ (Slam dunk): Պաշտպանության ժամանակ խաղացողները իրավունք ունեն գնդակը խլել վարում կատարող հակառակորդից, որսալ փոխանցումները, կասեցնել նետումները։ Եվ՛ հարձակման, և՛ պաշտպանության ընթացքում խաղացողները կարող են որսալ նաև զամբյուղից կամ վահանակից անդրադարձած՝ զամբյուղում չհայտնված գնդակը։ Առանց գնդակի վարման հենարան ոտքը գետնից պոկելը կամ տեղաշարժելը, գնդակի վարումը դադարեցնելուց հետո կրկին վերսկսելը համարվում են կանոնների խախտումներ (վարման ընթացքում գնդակին երկու ձեռքով դիպչելը համարվում է վարման դադարեցում)։

Բասկետբոլում թիմի 5 անդամներից յուրաքանչյուրն ունի իր խաղային դերը։ Ամենաբարձրահասակ մարզիկը թիմի կենտրոնական խաղացողն է (Center), բարձրահասակ և ուժեղ մարզիկը` ծանր հարձակվողը (Power Forward), մի փոքր ցածրահասակ, բայց շարժուն մարզիկը հանդիսանում է թիմի թեթև հարձակվողը (Small Forward), իսկ գնդակի հետ աշխատելու լավագույն հմտություն ունեցողին տրվում է հարձակվող-պաշտպանի դերը (Shooting Guard): Թիմի 5-րդ անդամը խաղարկողն է (Point Guard), ով պատասխանատու է մարզչի ծրագիրը իրականացնելու համար։ Խաղարկողը կատարում է և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողություններ։ Ոչ պաշտոնական խաղերում պարտադիր չէ, որ թիմերը կազմված լինեն հինգական մասնակիցներից, և նրանցից յուրաքանչյուրն ունենա իր հստակ խաղային դերը։ Կարող են խաղալ ինչպես հինգը` հինգի, այնպես էլ երեքը` երեքի, երկուսը` երկուսի և նույնիսկ մեկը մեկի դեմ։

Բասկետբոլը ստեղծվել է 1891 թվականին կանադա-ամերիկացի մարմնակրթության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդքաղաքում և դարձել է աշխարհում ամենահայտնի ու լայն տարածում ունեցող խաղերից մեկը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պրոֆեսիոնալ բասկետբոլի ամենահեղինակավոր լիգան է թե ճանաչվածության, թե աշխատավարձերի, թե տաղանդավոր մարզիկների ու թիմերի, և թե մրցաշարերի անցկացման բարձր մակարդակի տեսանկունից։ Հյուսիսային Ամերիկայից դուրս գործող առաջատար ակումբները իրենց ազգային լիգաներից որակավորվում են մայրցամաքային մրցաշարերի համար, ինչպիսիք են Եվրոլիգան (EuroLeague) և Ամերիկայի բասկետբոլի չեմպիոնների լիգան (BCLA): Բասկետբոլի աշխարհի առաջնությանը և Օլիմպիական խաղերում բասկետբոլի տղամարդկանց մրցաշարերը համարվում են այս մարզաձևի ամենամեծ միջազգային իրադարձությունները, որոնց մասնակցում են լավագույն ազգային թիմերը ամբողջ աշխարհից։ Յուրաքանչուր մայրցամաքում անցկացվում են տարածաշրջանային մրցումներ ազգային հավաքականների համար, ինչպիսին է օրինակ՝ ԵվրոԲասկետը (EuroBasket):

Կանանց բասկետբոլի առաջնությանը և Օլիմպիական խաղերում բասկետբոլի կանանց մրցաշարին մասնակցում են մայրցամաքային մրցաշարերի ազգային լավագույն հավաքականները։ Հյուսիսային Ամերիկայում առաջատար լիգան համարվում է Կանանց բասկետբոլի ազգային առաջնությունը (WNBA), մինչդեռ Եվրոպական  ուժեղագույն թիմերը մասնակցում են Կանանց Եվրոլիգա (EuroLeague Women) մրցաշարին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *