Հայ տղամարդու տարազը

  Հայ տղամարդու տարազը զարգացման բազմադարյան պատմություն է անցել: Պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ դեռ հնագույն ժամանակներից  տղամարդկանց հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, բայց նաև ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն:

 Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարևոր դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը:

Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած տղաների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է նաև հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից: Տղամարդու տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը` պտղաբերություն, պահպանիչ, ուժ տվող և այլն:

 Տարազը ներառում է ինչպես հագուստը, գլխանոցն ու ագանելիքը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը կամ, ինչպես ժողովուրդն է ընդհանրացված ասում, հագուստ-կապուստը: Այն բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Եվ ընդհանրապես` հայ տղամարդու հագուստի մեջ բացառվում էր սեռական օրգանների ընդգծումը, կրծքի ցուցադրելը: Թե ձեռքերը և թե ոտքերը ևս պետք է փակ լինեին:

 Տղամարդիկ հիմնականում նաև գլխանոցներով էին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։ Հայ տղամարդիկ եկեղեցի մտնելիս, թաղման թափոր տեսնելիս, արժանապատիվ մարդկանց հանդիպելիս անպատճառ հանել են գլխարկը:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տղամարդկանց դեպքում տարբեր էր` պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակներով, ինչպես նաև` այլ քաղաքակրթությունների ազդեցությամբ: Ի տարբերություն կանանց հագուստի` այնուամենայնիվ հայ տղամարդկանց տարազում առկա են նաև ընդհանուր գծեր, նահանգա-շրջանային տարբերակումն այնքան ուժեղ չէր: Քաղաքներում հիմնականում հագնվում էին տիրապետող խավի ոճով, իսկ XIX դարից մեծանում է արևմտյան տարազների ազդեցությունը:  Ժամանակի ընթացքում տղամարդու ավանդական տարազը սկսում է կիրառվել միմիայն հատուկ ծիսակատարությունների ժամանակ:

Արևելյան գավառներում հիմնականում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, արխալուղից` կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարի մորթուց գլխարկ: Զորագրված հայ տղամարդիկ հագնում էին նաև զինվորական համազգեստ:

Տղամարդու արարատյան տարազը կովկասյան է` արխալուղ, չուխա, արծաթե գոտի, որը կապում էին արխալուղի վրայից: Չուխան առջևի մասում չէր միանում իրար և բաց էր մնում: Գլխին դնում էին գառան մորթուց կարված գդակ: Այսպես հագնում էին Երևանում ապրող հայերի ժողովրդական լայն զանգվածները, իսկ հարուստները հագնում էին նույն տարազը, սակայն կարված ավելի թանկարժեք կտորներով. ոսկե երիզներով պատած թանկ մորթուց գդակ և մորթով երիզված չուխա:

Լոռեցի տղամարդու տարազը ևս կովկասյան է` մուգ գույնի չուխա, շալ կտորից, արխալուղ: Կապում էին արծաթե գոտի, իսկ չուխան բաց էր մնում: Գլխին դնում էին լոռեցու ավանդական փափախը: Երեխաներին հագցնում էին այնպես, ինչպես մեծերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *